18 օգոստոսի 2022 - 14:55 AMT
ԱՄՆ Պետդեպ․ Խաղաղության հարցում առաջընթացի պատմական հնարավորություն դեռ կա

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով գրանցվեցին մարդկային զոհեր ու վիրավորներ, ասել է, որ խաղաղության հարցում առաջընթացի պատմական հնարավորությունը դեռ պահպանվում է։

«Մենք կոչ ենք արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը և խուսափելու կողմերի միջև հետագա էսկալացիաներից։ Լարվածության վերջին աճը, կարծում ենք, ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը, գրում է ՍիվիլՆեթը։

Փրայսի կարծիքով՝ չնայած վերջին շաբաթների լարվածության աճին, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն շարունակում է տեսնել, որ կա պատմական հնարավորություն՝ առաջընթաց գրանցելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը։

«Մենք շարունակելու ենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,- ասել է Պետդեպի խոսնակը։

Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել էին նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել էր ՊԲ 2 զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել էին տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով: