Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի նախատեսվում է անցակետեր սահմանել հայ-ադրբեջանական սահմանի 3 կետում՝ Սոթքում («Քելբաջար»), Երասխում («Սադարակ») և Քարահունջում («Էյվազլի»)»։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
Որպես հիմնավորում նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Օգոստոսի 4-ի կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանցիները մի քանի կետերով կարող են հատել ՀՀ սահմանն ու Նախիջևան հասնել և հանձնարարել էին ԱԱԾ-ին ապահովել դրա իրականցումը։
Նշվում է, որ նախագծի կարգավորման առարկան ՀՀ պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Սահմանի անցման կետերը գործելու են համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:
ՀՀ ԱԱԾ տնօրենը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի սահմանված անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:
Նախագիծը կքննարկվի մինչև սեպտեմբերի 2-ը։