19 օգոստոսի 2022 - 14:27 AMT
Արզնիում ավարտվել է ասորական եկեղեցու վերակառուցումը

Արզնի գյուղում ավարտվել է ասորական Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը, հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը։

Տեղադրվել է եկեղեցու խաչը:

Եկեղեցին կառուցվել է 1881-ին։ ՀՀ տարածքում գործում է երեք ասորական եկեղեցի, որոնցից երկուսը հաշվառված են Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Հայաստանում բնակվող ասորիները համարվում են Արևելքի Ասորական կաթողիկոսության Սուրբ Առաքելական Եկեղեցու հետևորդները:

Ասորիները բնակություն են հաստատել Հայաստանում 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո: Ասորական 100 ընտանիք դիմել է ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով: Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվելով Արևելյան Հայաստան, հաստատվել են Երևանի նահանգում, ներկայիս Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղերում և Երևանում։