30 օգոստոսի 2022 - 11:24 AMT
Թորոսյան․ ՀՀ հետ կարգավորումը Թուրքիան ուղղակիորեն կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, գնահատելով հայ-թուրքական կարգավորման ներկայիս գործընթացը, նշել է, որ դրանում մեծ, «վերամպային» սպասումներ պետք չէ ունենալ` հաշվի առնելով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, որը տասնյակ տարիներ եղել է, բայց փաստացի չի ստացվել, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նշելով, որ անհրաժեշտ է համարում հայ-թուրքական կարգավորման հարցին չափավոր լավատեսությամբ մոտենալ՝ Թորոսյանն ասել է, որ վերջին շրջանում Թուրքիայից հնչող բարձր մակարդակի հայտարարությունները խոսում են այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան ուղղակիորեն կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ,

«Նրանք, ճիշտ է, նշում են, որ առանց նախապայմանների և այլն, բայց այդ նախապայման բառը, կարծում եմ, մեր քաղաքական օրակարգում կամ խոսույթում շատ արհեստական է մտել, այդ բառն այդքան էլ տեղին չէ: Բայց Թուրքիան և Ադրբեջանը, լինելով, օրգանական կապված երկու պետություն, իրենց օրակարգերը համատեղ են առաջ մղում: Հիմա, եթե Ադրբեջանը կարողանում է խնդրի, ստիպի կամ այնպես անի, որ Թուրքիան իր շահերը հաշվի առնի, ապա ստացվում է, որ այդ երկու գործընթացը (հայ-թուրքական և հայ-ադրբեջանական- խմբ.) կզարգանան համատեղ կամ չեն զարգանա»,- ընդգծել է Թորոսյանը:

Ըստ պատգամավորի՝ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երբ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվում (օրինակ՝ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար), դրանք դանդաղ են տեղի ունենում կամ նույնիսկ տեղի չեն ունենում: Պատգամավորը եկել է եզրահանգման, որ նույնիսկ պայմանավորվածություններն առկախվում են մինչև Թուրքիայի պատկերացրած գործընթացը հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունենա:

Պատգամավորը նաև անդրադարձել է ընդդիմախոսների այն թեզին, թե հայ-թուրքական սահմանի բացումն ավելի շատ Թուրքիային է ձեռնտու, քան Հայաստանին, և, հետևաբար, Հայաստանը պետք է դեմ հանդես գա սահմանի բացմանը:

«Այդպես չի, մեզ ավելի շատ է պետք հայ-թուրքական սահմանի բացումը և, եթե հակառակը լիներ, Թուրքիան վաղուց սահմանը կբացեր»,- ընդգծել է Թորոսյանը՝ հավելելով, որ Թուրքիան ունի բազմաթիվ կոմունիկացիոն ուղղություններ և, եթե Հայաստանի հետ սահմանը փակ մնա, այդ երկիրը դրանից ոչինչ չի զգա՝ ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով:

Պատգամավորի կարծիքով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումն ավելի շատ Հայաստանին է անհրաժեշտ՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական ծանր իրավիճակը, երբ ցանկացած ավել ճանապարհը խիստ անհրաժեշտ է պետության կենսական խնդիրները լուծելու համար:

«Հիմա կանխատեսում են, որ աշխարհում սննդամթերքի ճգնաժամ է լինելու, և ոչ միայն ասում են, այլ տեսնում ենք, որ այդ սննդամթերքի ճգնաժամը կա: Այսինքն՝ մեզ է անհրաժեշտ, որ հայ-թուրքական սահմանը բացվի և հարաբերությունները կարգավորվեն»,- եզրափակել է Թորոսյանը:

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: