5 սեպտեմբերի 2022 - 18:38 AMT
Իրանցիները մտադիր են ավտոմեքենաներ արտադրել Հայաստանում

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփակի առաջարկով, իրանական ավտոարտադրողները նախատեսում են մեքենաների արտադրություն հիմնել Հայաստանում, հայտնում է IRNA գործակալությունը։

«Հաշվի առնելով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, այդ ակցիան կարող է լավ արդյուքն տալ երկու երկրների համար»,-ասել է նա։

Նշվում է, որ իրանցի պաշտոնյան և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների այլընտրանքային տարանցման ուղիները, ինչպես նաև կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի համատեղ հոսքագծի բացումը։

Փեյմանփակը նշել է նաև, որ իրանական պատվիրակությունը հոկտեմբերի կեսին կայցելի Երևան՝ ներկա գտնվելու Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնի բացման արարողությանը։

Մատնանշելով երկու երկրների համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում՝ կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը շատ կարևոր է երկու երկրների համար էլ։

Սիսիան-Քաջարան մայրուղին Հյուսիս-Հարավի մաս է կազմում և կարևոր է երկու երկրների համար, քանի որ բավականին կկրճատի երթուղին։ ‌