13 սեպտեմբերի 2022 - 10:27 AMT
Փաշինյանն ԱԺ-ում կներկայացնի իրավիճակը, «Հայաստան» խմբակցությունը ներկա է

Ազգային Ժողովը 1 րոպե լռությամբ է սկսել սեպտեմբերի 13-ի նիստը՝ հարգելով ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի հիշատակը: Զոհերի և վիրավորների մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա հորդորել է խուճապի չմատնվել և տեղեկացրել է, որ ժամը 11:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կներկայացնի իրավիճակը։

ԱԺ-ում է նաև «Հայաստան» խմբակցությունը։ Նրանք առաջարկում են ընթացիկ օրակարգերը մի կողմ դնել և քննարկել ստեղծված իրավիճակը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն էական փոփոխոթություն չի կրել, Ադրբեջանը շարունակում է կրակ վարել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով։ Որոշ հատվածներում հակառակորդն առաջխաղացման փորձեր է ձեռնարկում։ Իրավիճակը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին: