Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Տլեուբերդին, անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ասել է, թե խաղաղապահներ ՀՀ ուղարկելու հարց դրված չէ:
Նա ասել է նաև, թե հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, ուստի «դժվար է խոսել սահմանի ինչ-որ խախտման մասին», գրում է ՏԱՍՍ-ը։
«Հարցն այդպես դրված չէ։ Սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունն ընդունվել է։ Անշուշտ, մենք ցանկանում էինք օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, քանի որ երկու կողմից տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի՝ ընդհանուր առմամբ պետությունների ղեկավարները որոշեցին գործուցել ՀԱՊԿ քարտուղարին, որը տեղում կստանա ամբողջ պատկերն ու հետո կզեկուցի պետությունների ղեկավարներին»,- ասել է նա։
Տլեուբերդին նաև ասել է, թե առաջնային խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերսկսումն է։
«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով, քանի որ սահմանազատել ենք մեր ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային սահմանները, գործընթացը բոլոր երկրների հետ, ՌԴ-ից բացի, ավարտված է։ ՌԴ հետ սահմանազատումը ևս 2-3 տարի կտևի»,- ասել է նա։
Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը։ Բիյագովը նշել է, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակում։ Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպելու ագրեսորին։ Նիստի ավարտից հետո հայտնի է դարձել, որ որոշվել է տարածաշրջան գործուղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ուժերն առաջին անգամ գործի են դրվել 2022-ի հունվարին՝ Ղազախստանում, որին մասնակցել են նաև ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները։