Ուսումնական տարվա մեկնարկի հենց առաջին ամսում ընդհատվում են դասերը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում. կրթական գերատեսչությունն է այսպիսի որոշում կայացրել, գրում է «Ազատությունը»։
«Նոր եմ խոսել նախարարության հետ և որոշել ենք, որ, այո՛, մարզի բոլոր դպրոցներում հայտարարվում են լրացուցիչ արձակուրդներ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով», - ասել է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը, ուստի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
«Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը:
Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։