Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա նշել է, որ վերսկսվել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը:
Թորոսյանը հավելել է, որ ժամը 13։00-ից սկսած, Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ։
«Հարվածներ են հասցվել մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին»,- նշել է ՊՆ խոսնակը։
Նշվել է, որ ՀՀ ԶՈւ-ն ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները՝ համարժեք պատասխան տալու համար։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։
Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։