13 ապրիլի 2009 - 18:57 AMT
Պաատա Զաքարեշվիլի. Հայաստանի մասին Սահակաշվիլիի հայտարարությունը Վրաստանում վրդովմունք է առաջ բերել
Վերջերս Միխայիլ Սահակաշվիլիի կատարած հայտարարությունը Հայաստանի մասին անմիտ եւ վրդովիչ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Զարգացման եւ համագործակցության կենտրոնի նախագծերի ղեկավար, վրացի փորձագետ Պաատա Զաքարեշվիլին:
«Այդպիսի կարգի քաղաքական գործչին վայել չէ հանդես գալ նման հայտարարություններով, հատկապես` հարեւան երկրի հասցեին: Վրաստանում այդ հայտարարությունը վրդովեց բոլորին»,- հայտնել է վրացի փորձագետը: Պաատա Զաքարեշվիլիի խոսքով, նման քայլով Միխայիլ Սահակաշվիլին փորձել է վրաց ժողովրդի ուշադրությունը շեղել երկրում գոյություն ունեցող խնդիրներից եւ ցույց տալ, որ հարեւան երկրում դրությունն ավելի վատ է, քան Վրաստանում:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Newsweek թերթին տված հարցազրույցում հայտնել է հետեւյալը. «Եթե ես փոխզիջման գնայի Ռուսաստանի հետ, մենք հիմա կլինեինք ինչպես Ղրղզստանը` կորցնելով մեր ժողովրդավարական արժեքները, կամ էլ նույնքան աղքատ, ինչպես Հայաստանը, որի տնտեսությունն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից»: