Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:
Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:
Պաշտպանության նախարարմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրի գործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։