Բաքուն Երևանին է հանձնել ևս 95 հայ զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Զոհերի թիվը ԱԽ–ի հայտարարած անհետ կորածների թվի շրջանակում է»,– ավելացրել է նա։
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը ՀՀ-ին էր փոխանցել 32 հայ զինծառայողի դի: Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը, ըստ ՀՀ ԱԽ հայտարարության, 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։