22 սեպտեմբերի 2022 - 13:08 AMT
Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը

Սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելությունների սրահում տեղի է ունեցել Արցախին նվիրված համաժողով, որի ընթացքում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը։ Միջոցառումն անցել է Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձ հովանու ներքո։

Համաժողովը տեղի է ունեցել Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ, սենատոր Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ։

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել սենատոր Բրունո Ռըտայոն, նա համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետությանը, ինչպես նաև Հայաստանին՝ մասնավորապես դատապարտելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ընդգծել է Ֆրանսիայի և Եվրոպայի՝ Հայաստանին աջակցության հրատապ անհրաժեշտությունը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Այնուհետև տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատության հեղինակների մասնակցությամբ։ Ելույթներով հանդես են եկել գրքի խմբագիր-հեղինակներ Էրիկ Դընեսեն և Տիգրան Եգավյանը, ինչպես նաև առանձին հեղինակներ սենատոր Մարի-Առլետ Կառլոտին, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, պատմաբան, հրապարակախոս Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոն, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Տեր Պասկալ Գոլնիշը և հանրահայտ աշխարհաքաղաքագետ Ժերար Շալյանը։

Միջոցառմանը եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց սենատոր Ռըտայոյին՝ համաժողովը կյանքի կոչելու և Հայաստանին ու Արցախին համերաշխության ուղերձ հղելու համար։ Դեսպանն ընդգծեց այս դժվար պահին միջազգային հանրության՝ Հայաստանի ու Արցախի կողքին լինելու և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին վճռական կերպով հակազդելու հրատապ անհրաժեշտությունը։

Միջոցառումը եզրափակվել է Սենատի նախագահ Լարշեի ուղերձով, որը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։