23 սեպտեմբերի 2022 - 14:42 AMT
Կասկադի փոսորակը կվերադարձվի Երևանին․ «Գաֆէսճեանի» հետ համաձայնություն կա

Երևանի «Կասկադ» համալիրի անավարտ հատվածը՝ փոսորակն իր հարակից տարածքով կվերադարձվի մայրաքաղաքին։ Այդ մասին ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ այդ հարցի շուրջ համաձայնության են եկել «Գաֆէսճեան» հիմնադրամի հետ, որին փոսորակի և հարակից տարածքը նվիրաբերվել էր Երևանի կողմից 2002-ի մայիսին։

Սարգսյանն ասել է նաև, որ մտադրություն կա այդ վայրում կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը, ինչպես նաև ամֆիթատրոն, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային կյանքը։

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողների աջակցությամբ, իսկ երբ կլինի արդեն ամբողջական փաթեթը, կներգրավվեն ճարտարապետները, որպեսզի այն համահունչ լինի կառույցին։

Փետրվարին Սարգսյանը հայտարարել էր, որ հանձնարարել է վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ:

Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի: 1988թ. երկրաշարժից հետո նախագիծը կասեցվեց։

1990-ականներին «Կասկադում» որևէ աշխատանք չարվեց: Համալիրի վերականգնման համար 2002-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հետ: 2009-ին բարեկարգումն ավարտվեց, բացվեց արվեստի կենտրոնը, սակայն «Կասկադն» անավարտ է: