23 սեպտեմբերի 2022 - 17:47 AMT
ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները կարճատև ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել

Մոսկվայում ոչ պաշտոնական մթնոլորտում հանդիպել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։ Տեղեկությունը հաստատել են փոխվարչապետի գրասենյակից, հայտնում է Sputnik Արմենիան։

Նշվում է, որ ոչ պաշտոնական զրույցի հիմնական թեման սահմանային վերջին լարվածությունն է եղել;

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը Մոսկվայում մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին։

Փոխվարչապետերի հանդիպումն ու զրույցը կայացել է խորհրդի նեղ կազմով նիստից հետո՝ ընդմիջմանը: Այնուհետև նրանք մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։