24 սեպտեմբերի 2022 - 11:05 AMT
ԱԳ փոխնախարարը՝ Զասին․ Հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը։

ՀՀ-ն դիմել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատաճառով, սակայն ՀԱՊԿ-ից հայտարարեցին, որ զինուժ ուղարկելու մասին խոսք չի գնում։ Մինչ Զասի այցը ՀՀ-ում էր գտնվում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, որը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու առաջարկներ է մշակել։

Այժմ ՀՀ-ում է Զասի գլխավորած առաքելությունը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նրանց հետ հանդիպմանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:

Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: