24 սեպտեմբերի 2022 - 11:52 AMT
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:

Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։