24 սեպտեմբերի 2022 - 16:34 AMT
Միրզոյանը՝ Գուտերեշի տեղակալին․ Անհասցե արձագանքները պարարտ հող են ստեղծում Ադրբեջանի նոր ագրեսիաների համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար:

Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները։

Նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, որ դրանք պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով ՄԱԿ-ի ներգրավման մեծացման հնարավոր մեխանիզմների շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռոզմարի ԴիԿարլոն քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։