26 սեպտեմբերի 2022 - 10:57 AMT
Նախնական. ՔՊ-ն հաղթել է Սիսիանում, Արենիում, պարտվել՝ Քաջարանում և Տաշիրում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների նախնական արդյունքները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում։ ՔՊ-ի օգտին այստեղ քվեարկել է 4093 մարդ, «Աշխատանք և արդարություն» կուսակցությունը ստացել է 2693 քվե, «Մեկ Հայաստան»-ը՝ 979, «Զարգացող համայնք»-ը՝ 570, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794, ՀՅԴ-ն՝ 403, հայտնում է Panorama.am-ը։

ՔՊ-ն հաղթել է նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, Թալինում, Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում, Լոռի Բերդ համայնքում, առաջատար է Կոտայքի մարզի Ակունք համայնքում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում ՔՊ-ն չուներ մրցակից և ստացել է 2084 քվե։

Վայոց Ձորի Արենի համայնքում ՔՊ-ն ստացել է 3281 քվե, «Հանրապետություն»-ը՝ 388։ Եղեգիս համայնքում էլ ՔՊ-ն ստացել է 1593 ձայն, «Ազատական» կուսակցությունը 1162, «Վերելք» կուսակցությունը՝ 45։

ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է կրել Քաջարանում և Տաշիրում։

Քաջարանում «Դեպի Միասնություն» դաշինքի օգտին, որը գլխավորում էր Մանվել Փարամազյանը, քվեարկել է ընտրողների 67 տոկոսը՝ 3127 ընտրող, ՔՊ-ն ստացել է 1118, «Դեպի Միասնություն» դաշինքը՝ 482։

Տաշիրում «Միասնական համայնք» դաշինքը ստացել է 5904 ձայն, ՔՊ-ն՝ 2376։

Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 5257 քվե։ Ալավերդցիներն էլ մերժել են Փաշինյանի թեկնածուին։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6791 քվե, ՔՊ-ն՝ 6557, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316։

ՔՊ-ն պարտվել է նաև Կոտայքիմարզի Չարենցավանում՝ ստանալով 5571 քվե։ «Միասնական համայնք» դաշինքի օգտին քվեարկել է 6812 մարդ։ «Ապրելու երկիրը» ստացել է 879 քվե։

Բյուրեղավանում հաղթանակ է տոնել «Միասնություն» դաշինքը՝ ստանալով 2 079 քվե։ ՔՊ-ն ստացել է 1247 քվե, «Արադար Հայաստան»-ը՝ 1157, ՀՅԴ-ն՝ 166։

Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: