26 սեպտեմբերի 2022 - 10:58 AMT
ՀՀ ԱԱԾ-ն և ԱՆ-ն հայտարարել են` ազգությամբ քուրդ Չիչեքին և Յըլդրըմին Թուրքիային չեն փոխանցել

ՀՀ ԱԱԾ-ն և Արդարադատության նախարարությունը հայտարարել են, որ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չեն փոխանցել Թուրքիային։

Սոցցանցերում, քրդական աղբյուրներին հղումով, լուրեր էին տարածվել, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել 2 ապստամբ քուրդ զինյալի, որոնք հայկական կողմում էին հայտնվել 1 տարի առաջ։ Թուրքիան 2 քրդին ձերբակալելու լուրը հայտնել է, բայց Հայաստանի մասին ոչինչ չի ասվում:

ԱԱԾ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել ծառայությունը»։

Նշվում է նաև, որ քրեական վարույթների շրջանակում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է ԱԱԾ լիազորությունների շրջանակից։

Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության՝ Արդարադատության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ իրավասու է դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով, սակայն, ազգությամբ քուրդ Չիչեքին և Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։

«Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։ ‌