26 սեպտեմբերի 2022 - 13:59 AMT
Ադրբեջանը հայ գերիների մասին տեղեկություն տրամադրելու համար ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել

Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Նշվում է, որ խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում էր արել Ադրբեջանին: Արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված էր 1 գերի, իսկ տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին) ժամկետ էր տրվել մինչև սեպտեմբերի 22-ը։