26 սեպտեմբերի 2022 - 14:22 AMT
Բաբայանն ԱՄՆ-ում հանդիպել է Շիֆի հեռ․ Քննարկել են Արցախին առնչվող հարցեր

ԱՄՆ-ում գտնվող Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, տեղեկացնում է ԱՀ ԱԳ նախարարությունy։

ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադամ Շիֆին՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ինչպես նաև Արցախին մշտապես սատարելու համար և ընգծել, որ ԱՀ-ում բարձր են գնահատում նրա և իր գործընկերների անձնվեր պայքարը հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։ Դավիթ Բաբայանը ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը, պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, մատնանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի։