26 սեպտեմբերի 2022 - 15:23 AMT
Չավուշօղլու․ ՀՀ-ն իր վրա ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին:

Հայ-թուրքական կարգավորման մասով նա ասել է, թե ՀՀ-ն իր վրա ճնշումների պատճառով դեռ չի կարողանում իրենց ուզած համարձակ քայլերն անել։

«Մենք էլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել: Ասացինք՝ Վիեննան ու Մոսկվան մի կողմ թողնենք, Հայաստանում հանդիպենք, որոշ ժեստեր արեցինք՝ մեր օդային տարածքը բացեցինք, ուղիղ չվերթերը սկսվեցին, օդային փոխադրումները, առևտուրը սկսվում է: Արդյունքում մենք որոշակի քայլեր արել ենք, բայց Հայաստանն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել»,-ասել է նա, գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի որոշակի շրջանակներին, որոնք իր կարծիքով դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Չավուշօղլուն նաև հերթական անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Կովկասում խաղաղության ու կայունության համար մթնոլորտ է ստեղծվել՝ պնդելով, որ տևական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը:

Չավուշօղլուն ակնարկել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ասելով. «Այժմ արդեն Հյուսիսային միջանցքը դադարել է արևելք-արևմուտք առևտրի մեջ այլընտրանքային միջանցք լինելուց: Այժմ պետք է քննարկել Միջին միջանցքը՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, եթե Հայաստանն էլ այս նախագծերն իրականացնի, ինքն էլ կընդգրկվի դրանում»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ 77 նստաշրջանին միջազգային գլխավոր ամբիոնից խոսել էր Հայաստանի մասին։ Նա հայտարարել էր,, որ թեև վերջին օրերի բախումները ստվեր են նետել ստեղծված դրական մթնոլորտի վրա, ինքը դեռ հավատում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը հնարավոր է»: