26 սեպտեմբերի 2022 - 15:24 AMT
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի հայ-թուրքական գործընթացը

Թուրքիայում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվելու են Էգեյան ծովում Հունաստանի հետ ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը, երկրի տարածքում և դրանից դուրս իրականացվող օպերացիաները, ինչպես նաև տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Թուրքական Yenicag Gazetesi լրատվական կայքն էլ նշում է, որ կառավարության նիստին նաև քննարկվելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, գրում է Ermenihaber-ը:

‌Խոսվելու է նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ԳԱ 77 նստաշրջանին միջազգային գլխավոր ամբիոնից խոսել էր Հայաստանի մասին։ Նա հայտարարել էր,, որ թեև վերջին օրերի բախումները ստվեր են նետել ստեղծված դրական մթնոլորտի վրա, ինքը դեռ հավատում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը հնարավոր է»: