27 սեպտեմբերի 2022 - 10:36 AMT
ՊԵԿ․ Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023-ի ապրիլի 1-ը

Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում:

Մարտի 17-ին Մոսկվայում կայացած ԵԱՏՀ խորհրդի նիստին ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Նշված որոշումը հրապարակվել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թ․ մարտի 21-ին և ուժի մեջ է մտել հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 31-ին։

ԵԱՏՀ խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200,000 դրամ և (կամ) 31 կգ, հետևաբար շարունակելու է գործել սահմանված 200,000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։

Նշված կարգավորումները վերաբերվում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։