27 սեպտեմբերի 2022 - 11:00 AMT
Մակրոն․ Ալիևին ասել եմ՝ սահմանի գծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությունում նշել է, որ սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ասել է, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք:

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր։

«Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր: Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները:

ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ` սեպտեմբերի 14-ին և 15-ին, քննարկվեց իրավիճակը: Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը: Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք:

Բացի այդ, ես հստակորեն նշել եմ հենց սեպտեմբերի 13-ից, որ Ֆրանսիան համոզված է` ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը: Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո և պետք է դրանք վերսկսել:

Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց սարսափելի մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար: Այն հանգեցրեց փաստացի նոր իրավիճակի` տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությամբ: Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում: Ցանկանում եմ ողջունել վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ»,-ասել է Մակրոնը։

Նա հավելել է, որ մոտակա ժամերին զրուցելու է Ալիևի հետ և հավելել, որ վերջինս նշում է, որ նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ:

Մակրոնը նշել է, որ անհնար է կառուցել խաղաղություն` ուժի գործադրման սպառնալիքի ներքո, և այդ իսկ պատճառով Ֆրանսիան ամեն ինչ կանի, հետամուտ կլինի իր նպատակին` այն է` կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս:

«Մի քանի րոպեից վարչապետ Փաշինյանի հետ կանրադառնանք տեղում իրավիճակին, ինչպես նաև, թե ինչպես ամրապնդել զինադադարը նոր էսկալացիայից խուսափելու համար և վերսկսել բանակցությունները: Կարծարծենք նաև մի շարք հարցեր, տեսնելու, թե ինչպես Ֆրանսիան Եվրամիության և մյուս գործընկերների հետ կարող է նպաստել կայուն խաղաղությանը: Խոսքս վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիային, մենք խոսեցինք այդ մասին նաև Բրյուսելում: Կքննարկենք նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործողությունները:

Գիտեմ, որ վարչապետը կարևոր հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Կարող ենք այդ մասին նույնպես զրուցել: Կանդրադառնանք նաև շատ կարևոր մի հարցի` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին: Սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է և գիտեք, որ Ֆրանսիան այս հարցում նույնպես ստանձնում է պարտավորություններ: Այս գործընթացը խիստ էական է տարածաշրջանի համար:

Ի վերջո մենք նաև կքննարկենք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,-ասել է նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։