27 սեպտեմբերի 2022 - 14:03 AMT
Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են գիշերել, որ թույլ չտան իշխանության ներկայացուցիչների մուտքը

44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները, ինչպես արդեն հայտարարել էին, սեպտեմբերի 26-ի ժամը 23։00-ից Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտային վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխանության ներկայացուցիչներին այցելել պանթեոն, գրում է «Առավոտը»։

Սեպտեմբերի 26-ին «Հայկական ժամանակն» իր աղբյուրին հղումով գրել էր, որ կառավարության անդամները չեն այցելի «Եռաբլուր» պանթեոն՝ իրավիճակն առավել չբորբոքելու համար, քանի որ սադրանքներ են նախապատրաստվում։

Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ամբողջ գիշեր Եռաբլուրում են անցկացրել, որևէ սադրանք չի եղել։

«Իրենք նախօրոք հայտարարել էին, որ չեն գալու՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ սադրանքներից խուսափելու և լարվածությունը թուլացնելու համար: Եթե այդ ամենը գիտակցում էին, սեպտեմբերի 21-ին մենք մի քանի անգամ խնդրեցինք՝ մի՛ մոտեցեք: Մի 50 ծնողի դիմաց բերել էին հազարից ավելի ոստիկաններ: Այդ ժամանակ մենք իրենց հորդորեցինք, որ չմոտենան, չանեն այդ արարողությունը։ Չլսեցին: Տեսանք՝ ինչ եղավ: Հիմա տեսնելով, որ մեր կոչով բազմահազար մարդիկ եկան այստեղ, արդեն իրենք խուսափեցին գալ»,- ասել է նա՝ հավելելով, որ այս անգամ ավելիին էին պատրաստ և անհամբեր սպասում էին։

«Շատերն ուզում են ծնողներին իրար դեմ հանելով ասել՝ մեր տղաներն էլ են այստեղ: Եկեք ձեր տղաների մոտ, ոչ մեկը ձեզ չի արգելում, բայց չենք ուզում շոուի համար գան: Մեր տղաներին սպանել է այս իշխանությունը, իրենք գալիս են ի՞նչ անեն, ուրախանա՞ն: Մենք նոր փոսեր ենք տեսնում օրական»,- ասել է Ռոստոմյանը։

Նա, խոսելով խաղաղության դարաշրջան բացելու իշխանության նպատակի մասին, ասել է, որ բոլորն էլ կողմ են խաղաղությանը, բայց խաղաղությունը չպետք է լինի միակողմանի։

«Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, իսկ այսօրվա իշխանությունները արժանապատիվ խաղաղության չեն գնում: Վերջերս Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ 29,800 քառակուսի կմ-ի համար են պայքարում, այն էլ քարտեզ է խնդրում Իլհամ Ալիևից: Այս պայմաններում խաղաղություն չէր կարող լինել»,- նշեց նա:

Սեպտեմբերի 21-ին վաղ առավոտյան, երբ ծնողները «Եռաբլուրում» էին և փորձում էին թույլ չտալ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր», քանի որ, իրենց կարծիքով, Փաշինյանն է մեղավոր իրենց որդիների մահվան համար, ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով՝ ծնողներին հեռացրեց տարածքից։