27 սեպտեմբերի 2022 - 14:49 AMT
Փրայս․ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին վերադարձնել զորքերը ելման դիրքեր

ԱՄՆ ուղերձը հայ-ադրբեջանական սահմանին երկու շաբաթ առաջ սկիզբ առած բախումների առնչությամբ մնում է նույնը՝ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին վերադարձնել զորքերը ելման դիրքեր, կողմերին՝ աշխատել առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Նյու Յորքում կայացած ԱՄՆ, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին, հայտնում է «Ազատությունը»։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը ելման դիրքեր: Մենք հորդորում ենք դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։

Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա պարզաբանել ենք մասնավոր կերպով, մենք դա նաև հրապարակայնորեն ենք ասել, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը երկու երկրների հետ, ներառյալ՝ բարձր մակարդակներում, ներառյալ՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, օգնեց դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավված լինել ու խրախուսել տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ աշխատանքը, քանի որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»,-ասել է նա:

Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորք եռակողմ հանդիպումը, և հույս է հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:

«Պետքարտուղարը երկու ղեկավարի հետ զրույցներում նշել է հրադադարի պահպանման կարևորությունը, հանգստություն պահպանելու կարևորությունը, ասել է, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարների համար էլ հստակեցրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Այն հարցին, թե պետքարտուղարը նրանց հորդորել է կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ և կա՞ որևէ հատուկ վայր կամ ամսաթիվ, Փրայսն արձագանքել է, որ դա երկու երկրների որոշելիքն է լինելու։ Նա նշել է| ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական ներգրավվածությունը բխում է երկու կողմերի շահերից:

«Մենք առաջարկել ենք օգնել՝ երկկողմ, եռակողմ, բազմակողմ [ձևաչափերով], և իհարկե Եվրամիությունը նույնպես կարևոր դեր է խաղում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է ինչպես հայաստանցի, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ, և դա կշարունակվի։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Photo. Reuters