28 սեպտեմբերի 2022 - 11:23 AMT
Մակրոնն Ալիևի հետ զրույցում հիշեցրել է ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում հանդիպումից հետո, հիշեցրել է ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջի մասին։

Նա կրկնել է իր հորդորն Ադրբեջանի նախագահին՝ պահպանել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ ելման դիրքեր՝ նշելով, որ վերջին բախումների հետևանքով բազում զոհեր են եղել, հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Մակրոնը նաև ասել է Ալիևին, որ Փաշինյանը պատրաստ է շարունակել բանակցությունները բոլոր չլուծված հարցերի շուրջ, և որ Ֆրանսիան պատրաստ է իր ավանդն ունենալ այդ գործում։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։