28 սեպտեմբերի 2022 - 15:37 AMT
Քոչարյան․ Պատրաստ եմ հանդիպելու Փաշինյանին՝ քննարկելու ստեղծված վիճակից դուրս գալու ելքերը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ասել է, որ Կաթողիկոսի մոտ ՀՀ և ԱՀ նախկին նախագահների հանդիպման ժամանակ այն չի ներկայացվել։

«Այն թուղթը, որ ինքը հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել։ Ուղղակի ինքը երևի փորձել է այդ բովանդակությունը որպես տեսակետ մեզ ներկայացնել։ Բայց մենք այնտեղ չենք քննարկել երկու հայտարարություն»,– ասել է Քոչարյանը։

«Հիմա, ասում են՝ միավորվենք, որ կապիտուլյացիա ստորագրենք։ Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության։ Կապիտուլյացիան առաջացնում է անզորության զգացում, դեգրադիացիա»,- ասել է նա՝ հավելելով, որ գուցե սա է այն մարդկանց նպատակը, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել ու կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրել։

Նա նշել է, որ իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով և անտեսել անվտանգության բազմաթիվ հարցեր։

Հարցին, որ եթե ոչ կապիտուլյացիայի համար, ապա ո՞ր հարցերի դեպքում է պատրաստ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Քոչարյանն ասել է, որ, այո՛, պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, գրում է Factor.am-ը։

«Պետք է քննարկումներ ունենալ և դրանով ինչ-որ լուծումների գալ»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե հեռանալուց հետո Փաշինյանին պե՞տք է տալ անվտանգության երաշխիքներ՝ Քոչարյանն ասել է, որ չի ուզում մտնել այդ դաշտ, բայց եթե հումանիտար միջանցքն է Փաշինյանի հեռանալու գինը, պետք է տալ։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մարդկանց մոտ մեծ սպասելիքներ են առաջացել, թե նախկին նախագահները և Վեհափառը լուծում են գտնելու ստեղծված իրավիճակից, բայց նրանք չունեն լծակներ՝ դա պետք է անի իշխանությունը։

«Ժողովուրդ ջան, ճգնաժամից երկիրը դուրս են հանում ոչ թե նախկին նախագահները, որ այսօր լծակներ չունեն, կամ Վեհափառը, այլ իշխանությունը»,- նշել է Քոչարյանը։

Տեր-Պետրոսյանի հարցազրույցին ավելի վաղ անդրադարձել էր նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող, քանի որ ի թիվս այլ հանգամանքների, իր հաղորդած տեղեկության հավաստիությունը կասկածի տակ դրեց անգամ հենց ինքը՝ առաջին նախագահը։ Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի բերած Ճապոնիայի օրինակին, որը «նույնպես կապիտուլացվել է»՝ Աշոտյանը գրել էր․ «Ճապոնիան 1945 թվականին ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, սակայն առ այսօր, 77 տարի անց խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ չի ստորագրել և չի հրաժարվել Հարավային Կուրիլներից»։

Սեպտեմբերի 22-ին հանդիպում էր եղել Գարեգին Երկրորդի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև։ Ըստ հաղորդագրության՝ կայացել է շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները։