Դուբլինում Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի վերջին տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումից հետո, որում Հայաստանը պարտվել է 2:3 հաշվով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է, թե չգիտի, ինչու է Հայաստանի հավաքականի հետ ամեն անգամ նման բաներ պատահում, երբ խաղում է Իռլանդիայում։
«Շատ ցավալի էր, իրոք։ Չգիտեմ՝ ինչու է Հայաստանի հավաքականի հետ ամեն անգամ նման բաներ պատահում, երբ մենք հանդես ենք Իռլանդիայում։ Ստացվեց այն, ինչ եղավ 2011-ին։
Այստեղ պետք է գնահատել թիմի արձագանքը խաղադաշտում։ Ֆուտբոլիստների հպարտությունը, երբ հաշիվը 2-2 էր, դեռ բավականին ժամանակ ունեինք մեր ուզած հաշվին հասնելու համար, իսկ մրցակիցը նյարդայնացած էր»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը:
Հայաստանի հավաքականը 3 րոպեում 2 գոլ է խփել՝ նախ Արտակ Դաշյանը, ապա Էդուարդ Սպերցյանը: Սակայն հանդիպման 86-րդ րոպեին Արտակ Դաշյանի՝ ձեռքով խաղից հետո նշանակվել է 11 մետրանոց: Այդ որոշման պատճառով մրցավարի հետ վիճելու համար Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախ դեղին քարտ է ստացել, հետո հեռացվել խաղադաշտից։ Ձեռքով խաղի համար երկրորդ դեղինը ստանալուց հետո նաև Արտակ Դաշյանն է հեռացվել դաշտից։
Իռլանդացիներն իրացրել են 11 մետրանոցը:
Այսպիսով, այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա C դիվիզիոնում։