28 սեպտեմբերի 2022 - 18:08 AMT
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարումը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համապատասխան աշխատանքը։

Նախարարները նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցեր՝ շեշտը դնելով ՌԴ և Ադրբեջանի միջև 2022-ի փետրվարի 22-ին կնքված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման վրա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։