29 սեպտեմբերի 2022 - 11:24 AMT
Փաշինյան․ Ադրբեջանի ագրեսիան պետք է դատապարտվի և կանգնեցվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով 3 հայ զինվոր է սպանվել Հայաստանի տարածքում։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

«Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Ադրբեջանի ագրեսիան պետք է դատապարտվի և կանգնեցվի»,-գրել է նա։

Փաշինյանի մեկ այլ գրառման մեջ ասվբում է․ «Ադրբեջանական զորքերի դուրսբերումն ու միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Հայաստանի տարածքում և սահմանամերձ շրջաններում, բացարձական անհրաժեշտություն է»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։