29 սեպտեմբերի 2022 - 12:24 AMT
ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս

Սեպտեմբերի 28-ին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ և Գորիս։

«Դեսպանը տեղերում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և վնասներին, որոնք պատճառվել են սահմանամերձ շրջաններին՝ սեպտեմբերի 13-14-ի գնդակոծությունների հետևանքով»,-ասվում է ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ։

Կոպիրկինն այցելել է նաև Գորիսում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի և Սիսիանում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր։

Այցի ընթացքում նրան ուղեկցել են ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Վ․ Կոկոսովը, ՀՀ և ՌԴ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։