29 սեպտեմբերի 2022 - 13:12 AMT
Դեպի օդակայան տանող այլընտրանքային ճանապարհ կարող է կառուցվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի մասին, նախանշել առաջիկա անելիքները:

Նշվել է, որ համայնքը դիտարկում է օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցում ու Շիրակի փողոցի երթևեկության բեռնաթափման հնարավորություն, ինչպես նաև նոր դեպոյի կառուցում՝ ձեռք բերվող նոր ավտոբուսներն սպասարկելու համար։

Անդրադարձ է եղել նաև Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանին, որտեղ նախատեսվում է կառուցել գազի և դիզելային վառելիքի լիցքավորման կայան, ավտոբուսների լվացման կայան, ինչպես նաև տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ՝ ավտոբուսների բացօթյա կայանման համար:

Քաղաքապետ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործակցությունը՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ:

Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին: ‌