29 սեպտեմբերի 2022 - 13:39 AMT
Մալականի այգու մոտ զինամթերքով պարկ են գտել

Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է եղել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում՝ «Արաբկիր» զբոսայգուց դեպի եկեղեցի տանող ճանապարհահատվածում տեղադրված աղբարկղի մոտ կասկածելի պարկ կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր մեկնած ինժեներական ջոկատի ծառայողները տեղում բացել են պարկը և հայտնաբերել ՌՊԳ նռնականետի 3 ուսումնական ական, 1 հատ 400 գ տրատիլ, 2 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 դետոնատոր և 144 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։

Սակրավորները հայտնաբերվածը տեղափոխել են անվտանգ վայր և հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ ‌