29 սեպտեմբերի 2022 - 15:04 AMT
Չալաբյան․ Հնդկաստանի հետ գործարքը դիվերսիֆիկացնում է ՀՀ զենքի մատակարարումների աշխարհագրությունը

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով հնդկական մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ՀՀ-ն զենք է և զինամթերք է գնել Հնդկաստանինց, նշել է, որ այս գործարքը կարևոր է և դիվերսիֆիկացնում է Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսնբուքյան իր էջում։

«Հնդկական մամուլի տվյալներով, Հնդկաստանի կառավարությունը պատրաստվում է առաջիկա ամիսներին մոտ 250 մլն դոլարի սպառազինություն մատակարարել Հայաստանին, որի ամենակարևոր մասը համազարկային կրակի Pinaka կայաններն են, և դրանց հրթիռները։ Ճշգրիտ թվի մասին չի խոսվում, բայց ենթադրաբար, խոսքը կարող է գնալ 18 այդպիսի կայանի (մեկ հրթիռա-հրետանային գնդի համարժեք) և նրանց օժանդակ սարքավորման մասին։

Այս կայանները կրակում են 214 մմ կալիբրի հրթիռներ, ունեն 45-60 կմ կրակային հեռավորություն, 12 հրթիռ մեկ համազարկում, և իրենց տեխնիկական տվյալներով, համապատասխանում են ռուսական «Ուրագան» համակարգին, իսկ որոշ բնութագրերով գերազանցում են նրանց։ Կայաններն արդեն փորձարկված են լեռնային մարտական գործողությունների պայմաններում, և իրենց բավական լավ են դրսևորել։ Նախկինում Հայաստանն արդեն Հնդկաստանից գնել էր նաև հակահրետանային տեղորոշման Swathi արդիական ռադարային համակարգեր, նրանք կարող են օգտագործվել այս համազարկային կայանների հետ համակցության մեջ, և բարձրացնել նրանց խոցման արդյունավետությունը։

Այս գործարքը ոչ միայն կարևոր է հայկական բանակի խիստ տուժած սպառազինությունը համալրելու համար, այլև դիվերսիֆիկացնում է Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը, և կարևոր քայլ է՝ ի դեմս Հնդկաստանի նոր ռազմավարական դաշնակից ձեռք բերելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։

Չալաբյանը, ողջունելով բանակը սպառազինելու այս «կարևոր, թեև փաստացի խիստ ուշացած քայլը», ակնկալում է բանակի ղեկավարությունից՝ արդյունավետ օգտագործել այս և նախկինում գնած համարժեք արդիական սպառազինությունը («Սմերչ», «Իսկանդեր», «ՍՈւ-30»), և «մոտ ժամանակներում արդեն կոշտ հակահարված տալ Հայաստանի տարածք ներխուժած թշնամական հրոսակներին»։

Հնդկական The Economic Times-ը գրել է, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում է` թեև մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։