29 սեպտեմբերի 2022 - 17:07 AMT
Կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, «կարմիր գծերի» գույնը կփոխվի

Վճարովի ավտոկայանատեղերի «կարմիր գծերի» գույնը կփոխվի, կենտրոնում գտնվող կայանատեղիներն ավելի թանկ կլինեն։ Կառավարությունը հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Կայանատեղիներում վճարման դրույքաչափերը կսահմանվեն ըստ գոտիականության։

Նախագծով առաջարկվում է ավտոկայանատեղերն ըստ նշանակության տարբերակելու համար դրանք նշել տարբեր գույներով՝ հաշմանդամություն ունեցող վարորդների համար` մի գույնով, ծառայողական մեքենաների համար` այլ գույնով և այլն։ Առաջարկվում է կարմիր գույնը վերապահել միայն հաշմանդամություն ունեցողների համար։

Նախագծի ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը։ ‌