30 սեպտեմբերի 2022 - 12:34 AMT
Օվերչուկ․ ՀՀ-ին մի քայլ է բաժանում ապաշրջափակումից, «արտատարածքային միջանցքի» մասին խոսք լինել չի կարող

ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանում լավ են հասկանում` տնտեսական աճին խանգարում է շրջափակումը՝ ապաշրջափակումից մի քայլ է բաժանում։ Այդ մասին Օվերչուկն ասել է «Ռոսիյսկայա գազետային» հարցազրույցում, որը տվել է Երևանում կայացած «Ռուս-հայկական բիզնես երկխոսություն-2022» համաժողովից վերադառնալուց հետո։

Օվերչուկը հավելել է, սակայն, որ ճանապարհներ բացել կամ կառուցել կարելի է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ կորոշեն սահմանների հատման իրավական ռեժիմը։

«Բանակցությունների ընթացքում հետևյալ սկզբունքն է մշակվել՝ ճանապարհի հանդեպ ինքնիշխանությունը այն երկրինն է, որի տարածքով անցնում է ճանապարհը։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է ՀՀ տարածքով, դա հայկական ճանապարհ է, եթե Ադրբեջանի՝ ադրբեջանական ճանապարհ է․․․ Ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որն ինչ-որ կերպ կվնասի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությանը խոսք չի գնում և գնալ չի կարող»,-ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ ՌԴ և ՀՀ միջև առևտրի աճն ու ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներն անցնում են ՀՀ բազմամյա տրանսպորտային շրջափակման պայմաններում։

«Ուստի, տրանսպորտային մեկուսացման հաղթահարման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարներն ուժեղ խթան կհանդիսանան ինչպես ՀՀ, այնպես էլ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի և հարակից երկրների զարգացման համար»,- ասել է նա՝ կրկնելով այն միտքը, որ ռուսական ներդրումները Հայաստանում կարող են հասնել 5 մլրդ դոլարի։

Նա հավելել է, որ ՀՀ տնտեսության համար ապաշրջափակման դրական արդյունքն ակնհայտ է և նույնիսկ կարող է ավելի մեծ լինել, քան «ինտեգրման առաջին ալիքի»։ էֆեկտը՝ ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում ՀՀ առևտուրն անդամ երկրների հետ աճել է 54%-ով։

«Բաց հաղորդակցությունները հնարավոր կդարձնեն առևտրային և հումանիտար կապերի զարգացումը, թույլ կտան հարևաններին շփվել։ Ռուսաստանին այդ ճանապարհները ևս շատ են պետք, քանի որ ամբողջ երկայնքով անցնելու են բարեկամ երկրների տարածքով և բերելու են մեզ բարեկամ երկրներ»,-ասել է Օվերչուկը։

Նա նշել է նաև, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը չի կարող ՀՀ և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձություններից զերծ մնալ՝ յուրաքանչյուր սրացում արգելակում է բանակցային գործընթացը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Photo. Ria Novosti