30 սեպտեմբերի 2022 - 14:00 AMT
«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա անցումի հիմնանորոգումը կավարտվի տարեվերջին

«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև դեկտեմբերի 25-ը:

Տարածքից առաջնահերթ հեռացվում են տարիներ շարունակ կուտակված աղբը, մաշված ու կոտրված սալիկները:

«Նպատակ ունեինք մի փոքր խորացնել տարածքը, սակայն, քանի որ շատ ամուր ցանցային հիմք ունի, փորձել ենք հնարավորինս չդիպչել ճարտարապետությանը: Աշխատանքները մոտավորապես 50 մլն դրամի շրջանակում է լինելու: Աստիճանների վրա ունենալու ենք ծածկ: Ջրահեռացումն ենք պոմպերով կազմակերպելու: Գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնին համահունչ դարձնելն է»,-ասել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

Բազալտե և տրավերտինե սալիկները փոխարինվելու են նույն նյութերից նոր սալիկներով: Տարածքն ամբողջությամբ կլուսավորվի, սյուների եզրերով կտեղադրվեն նստարաններ։ Անցումը հետիոտների համար կդառնա մաքուր և հարմարավետ:

«Անցումը կունենա կախովի առաստաղ, լեդ լուսավորություն, կտեղադրվեն մետաղական բազրիքներ: Միակ խնդիրը, որն առայժմ չենք կարող լուծել, թեքահարթակի ապահովումն է, ինչը պայմանավորված է գետնանցման բարձրությամբ»,-նշում է շինարարը:

Հաջորդը, որի տեխառաջադրանքն է այս պահին մշակվում, Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցումն է»,-ասել է Գրիգորյանը:

Քաղաքացիների անվտանգության, հարմարավետության ապահովման համար գետնանցումները հերթով կնորոգվեն: