30 սեպտեմբերի 2022 - 15:23 AMT
ՀՀ ԱԳՆ․ Բելառուսի դեսպանը հրավիրվել էր ԱԳՆ՝ Փելոսիի այցի մասին Մակեյի խոսքերից հետո

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի վերաբերյալ Բելառուսի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել էր, որ Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:

«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ էր այցելել սեպտեմբերի 17-19-ը։ Փելոսին հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններն ու ներկայիս անվտանգային իրավիճակը։