30 սեպտեմբերի 2022 - 16:08 AMT
Թաթոյանը կոնգրեսականներ Շիֆին և Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցանքները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումների ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները, հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը։

Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքը․ կրակում են թիրախավորված ՀՀ խաղաղ բնակավայրերի վրա, զավթել են մարդկանց տներ, այրում են արոտավայրեր, սպառնում են խաղաղ բնակիչների և այլն։ Իրավիճակից դուրս գալու միակ ելքը նրանց հեռանալն է մեր գյուղերի տարածքներից, գյուղերն իրար կապող ճանապարհներից ու օկուպացված տարածքներից։

Նշվում է, որ այդ մասին Արման Թաթոյանը շարունակաբար փաստերով հիմնավորված հայտարարում է 44-օրյա պատերազմից ավարտից սկսած:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական վերջին հարձակումները՝ սեպտեմբերի 13-15-ը, տեղի են ունեցել նաև 2020թ. մայիսին ՀՀ ներխուժած վայրերից։

Նշվել է, որ վերջին հարձակումների հետևանքով կան հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, թիրախային հարձակման ենթարկված գյուղեր ու քաղաքներ:

Նա խոսել է նաև ՀՀ զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների մասին:

Արման Թաթոյանը ԱՄՆ-ում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (ANCA Western Region) հրավերով։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։