30 սեպտեմբերի 2022 - 16:18 AMT
Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» կենտրոնի հետ գործակցության մասով

Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով: Այդ մասին Ճապոնիայի Թվայնացման, Թվային բարեփոխումների, Սպառողների և սննդամթերքի անվտանգության հարցերով, Վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոն ասել է Ճապոնիայում գտնվող Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը։

Կոնոն տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է ՀՀ բարձր տեխնոլոգիական զարգացմամբ:

ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Հայաստանում ընթացող զարգացումները և տեղեկացրել, որ մեր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ, ներառյալ՝ արհեստական բանականության և կիբեռանվտանգության ուղղություններով:

Արշակյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով կա չօգտագործված զգալի ներուժ:

Կարևորվել է ճապոնական ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում, ինչը երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու հնարավորություն կընձեռի:

Քննարկվել են նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: ‌