Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ երկրի պետական սահմանը հատող ՌԴ քաղաքացիների քանակը «զգալի կրճատվել է»։ Ժամանողների հոսքը կրճատվել է գրեթե 60%-ով։
Ըստ գերատեսչության, սեպտեմբերի 30-ի դրությամբ վերջին օրվա ընթացքում Վրաստան է մուտք գործել 6109 ռուսաստանցի, մեկնել՝ ՌԴ 5186 քաղաքացի։
Սեպտեմբերի 28-ին Վրաստան է մուտք գործել 9642 ռուսաստանցի, մեկնել՝ 5448-ը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Ըստ ՆԳՆ վիճակագրության, ՌԴ-ում զորահավաքի հայտարարումից հետո Վրաստան է մուտք գործել ՌԴ առնվազն 68,887 քաղաքացի, մեկնել՝ 45,724-ը։
Նշվում է, որ ՆԳՆ վիճակագրության մեջ բացակայում են սեպտեմբերի 27-ի տվյալները։
Ավելի վաղ հայտարարվել է, որ 10 օրում մոտ 80,000 ՌԴ քաղաքացի է մուտք գործել Վրաստան։
ՌԴ-ում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքից հետո ՌԴ-Վրաստան սահմանին Վերին Լարս անցակետում Վրաստան ուղևորվող մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են առաջացել։ Ամենամեծ հոսքը գրանցվել է սեպտեմբերի 23-26-ը: