30 սեպտեմբերի 2022 - 18:47 AMT
ՊՆ խոսնակ․ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մեջ որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարզաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հայտարարությունը, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը, տեղեկացնում է Արմենպրեսը:

Հարցին, թե ի՞նչ էր ակնարկում Մարտիկյանը՝ Թորոսյանը պատասխանել է․ «ԳՇ պետի տեղակալը տվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր առաքելության ընդհանրական բնութագիրը, այն է՝ պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքն արտաքին սպառնալիքներից։ Այդ ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա»։

Անդրադառնալով հարցին, որ այսինքն տվյալ ձևակերպումը որևէ գործողության մասին ակնարկ չէ՞ր՝ Թորոսյանն ասել է, որ որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ։

«ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը»,-ասել է Թորոսյանը։ :

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։