1 հոկտեմբերի 2022 - 10:34 AMT
Փաշինյան․ Վերջին ագրեսիայի զոհերի անունները կհրապարակվեն ինստիտուցիոնալ մեխանիզմով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով այն հարցին, թե ինչու չեն հրապարակվում վերջին ադրբեջանական ագրեսիայի զոհերի անունները, ասել է, որ, 44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով, որոշվել է նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով։ Այսինքն անունները հրապարակվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով։

Փաշինյանն ասել է, թե դա չի նշանակում, որ անվանացուցակը գաղտնի է պահվում՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմի զոհերի անունների ամբողջական ցանկը ևս այնտեղ է հրապարակվել։

Նա նշել է, որ, բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են, բայց կան դեպքեր, երբ նույնականացումը դեռ վերջնական չէ։

«Դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել, նույնիսկ դեպք է եղել, երբ հարազատները վիզուալ ճանաչել են մարմինը, բայց ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել: Նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ կա ինստիտուցիոնալ մեխանիզմ, որով հրապարակվում են այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»,-ասել է վարչապետը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։