1 հոկտեմբերի 2022 - 16:26 AMT
Մենենդեսն առաջարկել է դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին և սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, որը մի քանի օր առաջ սենատոր Մարկո Ռուբիոյի հետ հանդես էր եկել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձևի նախագծով, սեպտեմբերի 30-ին հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ՝ առաջարկելով դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին և սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային։ Այդ մասին հայտնել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը։

Մենենդեսի նոր նախաձեռնությունը ենթադրում է համապատասխան կարգավորումներ 2023 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձևի» կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Ազատության աջակցության ակտի «907-րդ բանաձևի» կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումը ուղղակիորեն կզրկի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից, գրում է Panorama.am-ը։

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է. «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մենենդեսին՝ Հայաստանին ու Արցախի համար իրական վտանգ ներկայացնող տարածաշրջանային երկու անխոհեմ ուժերին պատասխանատվության ենթարկելու իր ջանքերի համար։ Ներկայացված միջոցառումներն օրենսդրորեն կապահովեն, որ ԱՄՆ-ն այդ ուժերից որևէ մեկին չուղարկի զենք և ամերիկյան հարկերից գոյացած միջոցներ»։

2023 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները Սենատում սկսվելու են հոկտեմբերի 11-ից։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մի շարք ուղղություններով շարունակում է աշխատանքները ներկայացված նախագծերի ընդունումն ապահովելու ուղղությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ ներկայացված բանաձևերի ընդունումն ապահովելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատանքները համատեղում է իր կոալիցիոն գործընկերների՝ «Քուրդստանի ամերիկյան ըներներ», «Ամերիկահրեական կոմիտե», «Հունաամերիկյան առաջնորդության խորհուրդ», «Ի պաշտպանություն Քրիստոնյաների», «Մերձավոր Արևելքի ֆորում» և «Կիպրոսի արդարության միջազգային համադրող կոմիտե» կազմակերպությունների հետ։