3 հոկտեմբերի 2022 - 11:47 AMT
Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորումը

Հոկտեմբերի 2-ին Ժնևում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։

Անհրաժեշտ է համարվել Ադրբեջանի կողմից կատարված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը միջազգային հանրության կողմից և հանցագործների պատասխանատվության ենթարկումը։

Ժնևում տեղի է ունեցել նաև Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: