4 հոկտեմբերի 2022 - 11:17 AMT
Կանադայի ԱԳՆ-ն՝ հայ զինվորների գնդակահարության մասին․ Բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի ժոլին, անդրադառնալով սոցցանցերում տարածված հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութին, ասել է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության մասին հաղորդագրությունները խորը մտահոգություն են առաջացնում։ Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և տարածաշրջանը պետք է վերադառնա կայունության վիճակին»,-ասվում է գրառման մեջ։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։