4 հոկտեմբերի 2022 - 13:06 AMT
ԱՀ նախագահ․ Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել պետնախարարի պաշտոնը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել ԱՀ պետական նախարարի պաշտոնը՝ «պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ»: Այդ մասին Հարությունյանը հայտնել է ֆեսյբուքյան իր էջում։

ԱՀ նախագահն իր այդ որոշումը շատ կարևոր է անվանել։

«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:

Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,-ասվում է գրառման մեջ։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել ԱՀ և հիմնել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ։